«Հրապարակի» թղթակից Վարդան Մինասյանի դեկտեմբերի 2-ին Երեւանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ բռնություն ենթարկվելու դեպքի առթիվ ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, նախնական արդյունքները դեռ հայտնի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը:

Նա նշեց, որ դեռ վաղ է խոսել արդյունքների մասին, հավելյալ կտեղեկացնեն: Դիտարկմանը, թե թղթակիցը պնդում է, որ դուք էք խլել տեսախցիկը, Երեւանի ոստիկանապետն այսպես հակադարձեց. «Ի սեր Աստծո, ես նման բան չեմ արել, լավ է անում, թող պնդի, կարող է ինձ եսիմ ում հետ է շփոթել»:

Հիշեցնենք, որ Երեւանում դեկտեմբերի 2-ին, ընդդեմ Մաքսային միությանն անդամակցության ակցիայի ժամանակ ծեծի են ենթարկել «Հրապարակ» թերթի թղթակցին: Hraparak.am-ի փոխանցմամբ, Վարդան Մինասյանն այժմ գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում։

«Վերջինս  պատմել է, թե ինչպես են իրեն բերման ենթարկել։ Երբ Մաշտոցի պողոտայի վրա նա փորձել է նկարահանել Լեւոն Բարսեղյանին ոստիկանական մեքենա նստեցնելու գործողությունը, Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը թղթակցից խլել է տեսագրող սարքը եւ նրան նույնպես բռնությամբ նստեցրել` ոստիկանական մեքենան։ Ավտոմեքենայի մեջ հսկողությունից դուրս մնացած ոստիկաններից մեկը խփել է Վարդան Մինասյանի դեմքին։

Այնուհետեւ վերջինիս մոտ 30 հոգու հետ տեղափոխել են Կենտրոնի ոստիկանություն, ձեռնաշղթաներ հագցրել։ Զրույցի պահին Վարդանի ձեռքերը շղթայված էին, նա խնդրել էր փոքր ինչ թուլացնել կամ հանել ձեռնաշղթան՝ նրան պատասխանել էին, որ բանալի չունեն»,- գրել է կայքը: Ոստիկանության պետի հանձնարարությամբ հրապարակման առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: