«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախանձին, սակայն հաջողություն չի ունեցել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ մոտ 9 տարի առաջ մասնակցել է այդ նախագծին, քանի որ իրեն արվեստը շատ գրավում է:

Անի Զախարյանը պատմեց, որ այդ նախագծի չափանիշների մեջ գրված էր, որ «հնարավորինս զարմացնել ժյուրիի անդամներին», եւ ինքը փորձեց հենց այդպես էլ անել, սակայն ժյուրին չգնահատեց դա. «Քանի որ արտիստի բռնազբոսիկ պահվածքի մեջ պետք է մտնի անակնկալներ մատուցել, ապա «Ժողովրդական երգիչ» նախագծում ես որոշեցի մեկ այլ ոճի մեջ երգ հնչեցնել: Սկզբից մի հատ ժողովրդական երգ կատարեցի՝ հանգիստ, մեղմ ոճի մեջ, հետո ասացին մի հատ ուրախ երգ կատարեք, որպեսզի ավելի հետաքրքիր ստացվի, ես ինքս չեմ վախենում այդպիսի ծիծաղաշարժ տեսարաններ առաջացնել, ես հնչեցրեցի «Чунга-чанга» երգը: Եւ չնայած նրան, որ ես կենսաբանական գիտությունների թեկնածու եմ, դերասանուհի եմ, նաեւ ինձ համար եմ շատ լուրջ ազգային, պետական գործիչ, մեկը մյուսին չի խանգարում, հետո նման մանկական ակումբ էլ բացվեց, հնչեցրեցի, քանի որ ժյուրիի չափանիշների մեջ մտնում էր նախագծի ընթացքում հնարավորինս զարմացնել ժյուրիի անդամներին, ես սիրում եմ յուրօրինակ քայլեր անել: Ուղղակի մասնակցեցի նախագծին՝ առանց պատրաստվելու անգամ, մտածելու, որ ի վերջո այնտեղ այնպիսի մարդիկ են նստած, որ կգնահատեն գյումրեցի արվեստի մարդու ունակությունները, իմ ոճային տարբերությունը ժյուրին էլ չհասկացավ, շատերս գիտենք, որ նստած են ժյուրիի այնպիսի անդամներ, որ այնքան լայն աշխարհայացք, ըմբռնում չունեն, որ հասկանան, թե յուրօրինակ մեկը ինչ է ուզեցել դրանով ասել»,- ասաց նա:

Պարզվում է սա դեռ ամենը չէ կին քաղաքական գործչի արտիստիկ անցյալի մասին: Անի Զախարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին բավականին կատակերգական դերեր է խաղացել եւ իրեն համարում է արտիստիկ ու  նաեւ արտիստուհի, եւ հիմա այս պահին էլ, եթե թատերական առողջ միջավայր լինի եւ լավ ռեժիսորներ լինեին, եւ իսկապես սցենարային առումով բարձր արվեստը ներկայացնող, ներկայացումներ լինեն, համապատասխան տեղեր ինքը միանշանակ ունակ է խաղալու»:

«Բաց տեսարաններում չեմ խաղացել, անգամ թատրոնում, երբ կային համբույրի տեսարաններ, շատ տեղերից եմ հրաժարվել միայն նրա համար, որ որեւէ մեկին չեմ համբուրել»,- ասաց Անի Զախարյանը:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդը շեշտեց, որ այժմ իրեն հեռու է պահում թատերական միջավայրից, որովհետեւ ռեժիսորական ոլորտում այսօր չկա լուրջ սերնդափոխություն, առողջ թատերական միջավայրը եւ կարծիք հայտնեց, որ ամենագեղեցիկ գույնը, հայտնվելով վրձինի  ձեռքում, որի շուրջ լղոզվածություն է, նկարիչը, որ այդ գույնը պիտի համադրի, այդ գույնը կփչանա եւ չի ունենա այն, ինչ կարող է ունենալ իսկական արվեստագետի ձեռքում: «Որպես դերասանուհի ես ինձ համարում եմ շատ ուրույն գույն եւ չեմ ուզենա այս պահին հայտնվել մի այնպիսի վրձինի ձեռքում, որը պիտի այդ գույնը չկարողանա ճիշտ օգտագործել, ես ինքս էլ բավարարված չլինեմ»,- նշեց Անի Զախարյանը:

Նշենք, որ «Իրատես դե ֆակտոն» գրել էր, որ Անի Զախարյանը իր ուժերը փորձել է նաեւ երգի ասպարեզում։ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթարի» առաջին եթերաշրջաններից մեկին Անին եւս մասնակցել է։ Երբ առաջին երգի անհաջող կատարումից հետո նրան ժյուրին ասում է, թե ռուսական որեւէ ստեղծագործություն կատարի, նա ասում է. «Սիրով, սիրով։ «Чунга-чанга, весело живем, Чунга-чанга, песенку поем»։ Էն գլխից էլ ուրախ աղջիկ է եղել»,- գրել է թերթը: