Ուկրաինայի վարչապետին՝ կառավարության հետ միասին, շտապ կանչել են Գերագույն Ռադա: Երկրի խորհրդարանում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, քննարկվում է կառավարության հրաժարականի հարցը:

Նախարարների ներկայությունը խորհրդարանում պահանջել է ընդդիմությունը: «Այստեղ պետք է ներկա լինի հանցագործ Ազարովը, հանցագործ Զախարչենկոն եւ մյուսները, որոնք հրահանգել են հարվածել մեր մարդկանց»,-ասել է ընդդիմության առաջնորդներից Արսենի Յացենյուկը:

Ինչպես հաղորդում է «Կոմենտարիի»-ն, այս պահանջը աջակցություն է ստացել պատգամավորների մեծ մասի կողմից: Այդ առաջարկի օգտին քվեարկել է 450 պատգամավորներից 368-ը: Դրանից հետո խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակն ընդմիջում է հայտարարել:

Հիշեցնենք, որ Ռադայի պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը նախօրեին հավանություն էր տվել Ուկրաինայի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագծին:
Գերագույն Ռադայի կոմիտեն կողմ է Ուկրաինայի կառավարության հրաժարականին

Այս պահին Գերագույն Ռադայի մոտ են հավաքված ընդդիմության եւ երվաինտեգրման մոտ 5 հազար կողմնակիցներ: Նրանց թիվը գնալով ավելանում է: Ցուցարարները մտադիր են սպասել քվեարկության արդյունքներին: