Ռուսաստանում շարունակվում է ադրբեջանցիներին պատկանող մեծածախ վաճառքի կետերի փակումը:

Այս անգամ փակվում է Սուրգուտում գտնվող «Ասկանիա» բազան: Vesti.Az-ը,  «Սուրգուտսկայա տրիբունան» վկայակոչելով, հայտնում է, որ «Ասկանիա» մեծածախ վաճառակետի մասին սուրգուտցիներից շատերն առաջին անգամ իմացան այնտեղ կրակոցներով ուղեկցված զանգվածային կռվից հետո միայն, ինչպես նաեւ բազմաթիվ ոստիկանական ստուգումների եւ ապօրինի  միգրանտներին ձերբակալելու հետեւանքով: Վաճառակետը  մինչ Նոր տարի հաստատ չի բացվի:  Դատարանը դրա գործունեությունը դադարեցրել է 35 օրով՝ բազմաթիվ սանիտարական խախտումների պատճառով:

Գործը դատարան էր հասել, երբ մի շաբաթ առաջ «Ռոսպոտրեբնադզոր»-ի աշխատակիցները ոստիկանության հետ ժամանել էին «Ասկանիա»՝ հերթական ստուգման: Այս անգամ ստուգման պատճառը քաղաքացիների բողոքն էր: Ստուգման ընթացքում հայտնաբերվել էին սանիտարական կանոնների բազմաթիվ խախտումներ, իսկ  «Ասկանիայի» մուտքի մոտ ձերբակալվել էին մրգով բեռնված ղազախական  բեռնատարներ, որոնք ոչ մի փաստաթուղթ չէին ունեցել: 

Հիշեցնենք, որ ադրբեջանական մեծածախ վաճառքի կետերի նկատմամբ ուշադրությունը սեւեռված է Բիրյուլեւոյում կատարվածից հետո: