Լրատվամիջոցներում երեւանյան երեկվա բողոքի ակցիաները շատ ավելի լայնորեն են լուսաբանվել, քան այն իրականում կար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով երթին, որը Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպվել էր դեկտեմբերի երկուսին եւ ուղղված էր ՄՄ-ին միանալու դեմ բողոքին:
Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները որեւէ զանգվածային արձագանքի չեն արժանացել: «Կարծում եմ, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ու ոստիկանները թվով շատ ավելի էին, քան հենց ակցիայի մասնակիցները»,-նշել է Քոչարյանը:
Անդրադառնալով Պուտինի՝ Հայաստան կատարած այցին՝ նա ասել է. «Հայկական ու ռուսական պաշտոնական տվյալների համաձայն՝ ենթադրվում է, որ հաջորդ տարվա մայիս-հունիսին կստորագրվի փաստաթուղթ, որի համաձայն Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Մնացածը ժամանակի հետ պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի երկուսին կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան: Նրա այցը ուղեկցվել է Երեւանում անցկացվող բողոքի ակցիաներով, ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել:





























