Հայաստանի 7230 քաղաքացիներ են միացել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը՝ որպես համահայցվոր դատարան դիմելու՝ գազի սակագնի բարձրացման որոշման դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ ըստ հայաստանյան օրենսդրության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց՝ այսինքն ապրիլի 1-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում լրանում է դատարան դիմելու ժամկետը, եւ Հայ ազգային կոնգրեսը ամփոփված տվյալները կներկայացնի վարչական դատարանի քննարկմանը:
Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ 1 խմ գազի գինը շարքային սպառողների համար 96-ից 136 դրամ դարձնելու խնդրանքով, սակայն ՀԾԿՀ-ն որպես գազի սակագին սահմանեց 132 դրամը: Հայ ազգային կոնգրեսը հայց է պատրաստել «Հայռուսգազարդի» դեմ, որին որպես համահայցվոր միացել են 7 հազարից ավելի քաղաքացիներ:



























