Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նամակ է ստացել  Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ  Ալլահշուքյուր Փաշազադեից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քարտուղարության ղեկավար Վահրամ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նամակում խոսքը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին այցելելու մասին է: Հանդիպումը տեղի էր ունեցել Գարեգին Բ-ի խնդրանքով: Կովկասի մահմեդականների վարչության նախագահը գերի զինվորին այցելել էր նոյեմբերի 1-ին:

Միաժամանակ Վահրամ Մելիքյանը առայժմ ձեռնպահ է մնացել նամակի բովանդակությանն առնչվող  մեկնաբանություններից: 

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել օգոստոսի  8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարատեսակ պատճառաբանություններով հետաձգում էր ռազմագերու եւ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ կարողացել էին այցելել 12 օր անց: