Մենք կարծում ենք, որ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հաջող է անցել, թեեւ առանցքային իրադարձություն համարվող Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին դեկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նախագահ Տրայան Հրիսթեան՝ լրագրողների հետ ամփոփելով Արեւելյան գործընկերության գագաթաժողովին նվիրված «Ճանապարհ դեպի Վիլնյուս» հանդիպումների շարքի արդյունքները:
Նա հիշեցրել է, որ Մոլդովայի եւ Վրաստանի հետ նախաստորագրվել են Ասոցացման համաձայնագրերը, վիզային ռեժիմի դյուրինացման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, համատեղ հայտարարություն է ընդունվել:
«Գագաթաժողովի ընթացքում ընդունված ամենակարեւոր փաստաթուղթը գագաթաժողովի հռչակագիրն է: Հռչակագիրը ստորագրած բոլոր կողմերը շահագրգռված էին փաստաթղթի ստորագրման հարցում»,- հայտարարել է Հրիսթեան՝ փաստաթուղթը հաջող անվանելով: ԵՄ-ի ղեկավարները եւս մեկ անգամ ընդգծել էին Ուկրաինայի ժողովրդի ինքնիշխան ընտրության կարեւորությունը՝ նշելով, որ արտաքին ազդեցությունն անթույլատրելի է:
Ըստ նրա՝ ԵՄ-ին հաջողվել է դեպի առաջ կարեւոր քայլ կատարել: Ըստ Հրիսթեայի՝ իրենց հաջողվել է կանխորոշել հետագա ծրագրերը, ինչպես նաեւ նշել որոշակի քայլեր՝ պայմանավորվածությունների հետագա իրականացման համար:





























