Հայաստանն ավարտում է  Ասիական զարգացման բանկի հետ բարձրավոլտ ցանցերի արդիականացման վարկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին տեղեկացրել է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա հիշեցրել է, որ ներկայիս նախագծերն իրականացվում են Համաշխարհային բանկի եւ գերմանական KfW բանկի վարկային ծրագրերով:

 «Ծրագրերի փաթեթը մեծ է լինելու, բայց  4, առավելագույնը՝ 5 տարուց մենք ամբողջությամբ կավարտենք բարձրավոլտ համակարգի արդիականացումը», – վստահեցրել է Գալստյանը:

Ծրագրերը ներառելու են ենթակառուցվածքների վերահսկման համակարգի տարրերի տեղադրում (SCADA), այլ կերպ ասած, նախատեսվում է արդիականացնել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգերը: «Այդ բոլոր ծրագրերի կատարման  հստակ ժամկետներն ասելն այժմ դժվար է, սակայն առավելագույնը հինգ տարի անց մենք կունենանք ամբողջովին արդիականացված համակարգ՝ հետխորհրդային ողջ տարածքում լավագույնը», – ամփոփել է Գալստյանը: