Ամերիկյան «Contour Gobal» ընկերության հետ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի առուվաճառքի պայմանագիրը պատրաստ է ստորագրման: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին տեղեկացրել է էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ մենք կարողացել ենք լիակատար համաձայնության գալ մեզ համար կարեւոր այդ ծրագրի շուրջ: Իրավական եւ տեխնիկական բոլոր հարցերը լուծվել են, այդ պատճառով էլ առաջիկայում կարելի է սպասել ստորագրման գործընթացներին», – նշել է պաշտոնյան:
ՀՀ կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ կայանի զարգացման գործում ամերիկյան կողմի ներդրումները կկազմեն մինչեւ 180 միլիոն դոլար: Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ՀՀ կառավարության սեփականության տակ մնացած երկու խոշորագույն օբյեկտներից մեկն է (երկրորդը Երեւանի ՋԷԿ-ն է): Որոտանի ՀԷԿ-երի համալիրը կառուցվել է 70-80-ականներին՝ համանուն գետի վրա, եւ բաղկացած է երեք էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի (հաստատված հզորությունն է 76 մՎտ), Շամբի (171 մՎտ) եւ Տաթեւի (157,2 մՎտ): 2010 եւ 2011թթ. համալիրն արտադրել է մոտավորապես 1,2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա, որը 2011թ. կազմել էր Հայաստանում ընդհանուրի 16%-ը:




























