Արտեմ Ս.-ն եւ Բորիս Խ.-ն մեղադրվում են ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ապարանի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Արտեմ Ս.-ն եւ Բորիս Խ.-ն, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած եւ ոչ սթափ վիճակում, Ծաղկահովիտ գյուղում, ոստիկանության բաժնին հարակից խանութի մոտ, նույն գյուղի բնակիչ Հ. Խանդոյանի հետ վիճաբանության ժամանակ չեն ենթարկվել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Տ. Սարգսյանի օրինական պահանջին: Ավելին նրանք ոստիկանի նկատմամբ գործադրել են բռնություն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316   հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: