Տավուշի մարզի Նավուր գյուղում, դեկտեմբերի 3-ին, մահացած վիճակում հայտնաբերված 50 տարեկանին մոտ Վարդան Զոհրաբյանը 3 օր առաջ անհետ կորել էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նավուր գյուղի գյուղապետ Արամ Նիգոյանը:
Նա պատմեց, որ նա հարեւան Չինչին գյուղում հովիվ է աշխատել: Ամուսնացած է, ունի 3 երեխա: «Անհետանալուց առաջ ազգականներից մեկի հուղարկավորությանն է եղել: Խմելու հետ սեր ունի: Խմել է, դուրս եկել եւ անհետացել: Երեք օր անց արդեն մահացած վիճակում հարեւան գյուղի դաշտում են հայտնաբերել, բայց մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել»,- պատմեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում դեկտեմբերի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դին հայտնաբերվել է Չինչին գյուղի հողատարածքում:





























