Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ազատամարտիկ Վահան Զատիկյանի  որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ստեփան Հակոբյանն է պատվիրատուն, քանի որ ժամանակին իրար հետ վիճել են, անհամաձայնություններ են ունեցել: Նա նաեւ նշեց, որ դատը նշանակվել է դեկտեմբերի 9-ին, որտեղ կհրապարակվի դատավճիռը, թեեւ Ստեփան Հակոբյանը իրեն մեղավոր չի ճանաչում:

Ավելի վաղ, Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝   31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահը պատվիրվել է նրա սպանված եղբոր հետ միասին:

Նշենք նաեւ, որ շաբաթներ շարունակ էլ Ստեփան Հակոբյանի գործով դատական նիստերն էին հետաձգվում նրա առողջական վիճակի պատճառով: Ավելին` Անդրանիկ Զատիկյանի հարազատները կասկածում են, որ Ստեփան Հակոբյան ամենեւին էլ լուրջ առողջական խնդիրներ չունի եւ այդ ամենը պատված է, որ ազատազրկումը անցկացնի դատապարտյալների հիվանդանոցում: Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից էլ տեղեկացանք, որ Ստեփան Հակոբյան գտնվում դատապարտյալների հիվանդանոցում: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ Ստեփան Հակոբյանը բարդ վիրահատության է ենթարկվել եւ հիմա գտնվում է  հետվիրահատական շրջանում, ապաքինվելուց հետո կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Հարցին, թե ինչ վիրահատություն է եղել ասացին. « Վիրահատությունը տեղի է ունեցել դատապարտյալների հիվանդանոցում: Դա մի քիչ անձնական է»: Իսկ սույն գործով դատավարությունը մոտենում է ավարտին:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Զատիկյանի գործով  ոստիկանությունից տեղեկացրել էին, որ  ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան: Փորձաքննությունից հետո քննություն սկսվեց, թե որտեղից են նրա ձեռքում հայտնվել թմրանյութը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս  Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն  բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: