24-ամյա Հարություն Ա.-ն մեղադրվում է իր նկարը ուրիշի անձնագրի մեջ սոսնձելով Հայաստանի սահմանն ապօրինաբար հատելու փորձի մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Հարություն Ա.-ն այս տարվա սեպտեմբերի սկզբներին, քննությամբ չպարզված հանգամանքներում, ձեռք բերելով Հակոբ Գեւորգյանի կենսորոշիչ տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը, դրա մեջ փոփոխել եւ վերասոսնձել է իր լուսանկարը եւ սեպտեմբերի 6-ին փորձել է մեկնել Ուկրաինա:

Նա ՀՀ պետական սահմանի «Գոգավան» հսկիչ անցագրային կետում, «Նիվա» մակնիշի, 328 OO 63 համարանիշի ավտոմեքենայով հայ վրացական սահմանը հատելիս, սահմանային վերահսկողության ընթացքում, ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցներին ներկայացրել է այդ կեղծված անձնագիրը, սակայն կեղծիքը բացահայտվել է սահմանապահ աշխատակիցների կողմից:

Այսինքն՝ նա մեղադրվում է պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթը օգտագործելու եւ ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթի, հատելու փորձ կատարելու մեջ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 325 հոդվածի  1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 34-329  հոդվածի  1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը): Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 3-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: