35-ամյա Դանիել Կ.-ն մեղադրվում է զենքի օգտագործմամբ եզդիների գոմից ավազակային հարձակում կատարելու համար, սակայն նա  իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Կ.-ի փաստաբան Աննա Թամազյանը: Փաստաբանը պատմեց, որ Դանիելին առաջադրված մեղադրանքի պատժաչափը 6 տարուց է սկսում՝ նայած, թե դատախազը  ինչքան կպահանջի:

«Դանիելը կալանքի տակ է: Ավազակային հարձակումը տեղի է ունեցել եզդիների չարբախի անասնագոմերում: Վերցրել են 9 հազար դրամ գումար, ոսկե ականջօղեր եւ թվային ֆոտոխցիկ: Լավ համարենք, թե Դանիելը մեղավոր է այդ գողության համար արժեք այդ հոդվածը շալակել: Ինքն անմեղ է իր մեղադրանքը չի ընդունում»,- պատմեց փաստաբանը: 

Նա նշեց, որ ինքը տուժողների հետ էլ է խոսել եւ նրանք ասել են, որ ավազակային հարձակում կատարողը Դանիելը չի եղել: «Իրենք ասացին, որ իմ պաշտպանյալին, թե նկարով, թե իրականում ցույց են տվել եւ իրենք ասել են, որ ինքը չի, քանի որ իմ պաշտպանյալը 3-րդ կարգի հաշմանդամ է, մի ոտնաթաթը չկա եւ նա կաղում է: Այնինչ` եզդիներն ասում են, որ այդ գողերն այնպես էին փախչում, որ ձին նրանց չէր հասնի: Այսինքն` իմ պաշտպանյալը պրոտեզով այդպես վազել  ու պատից թռչել չէր կարող»,- ասաց պաշտպանը:

Ըստ Աննա Թամազյանի այս մեղադրանքում աբսուրդն այն է, որ իբր իր պաշտպանյալը եւս մեկի հետ, ում ինքնությունը հայտնի չէ, գնացել են ավազակային հարձակման  եւ կպչուն ժապավենը իր պաշտպանյալի մատնահետքերով թողել են այնտեղ: «Ինչպես կարող է նման բան լինել եւ գողը իր մատնահետքերով ժապավենը թողնի: Բայց այնպես է գործը սարքած, որ այդ ժապավենի վրա իմ պաշտպանյալի մատնահետքերն են»,- ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ իր պաշտպանյալը ազգությամբ ասորի է: Փաստաբանը ընդգծեց, որ թե  նախաքննական մարմին, թե դատախազին բողոքել են, որ տուժողներին իր պաշտպանյալի հետ ճանաչման չեն ներկայացրել:

«Հիմա գործը պետք է դատարան ուղարկվի եւ նույն միջնորդությամբ հանդես եմ գալու նաեւ դատարանում»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի  2-րդ մասի 1,3, 4-րդ կետերով (ավազակություն մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ): Սույն հոդվածը պատժվում է  ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: