Ռուսաստանցի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը անարձագանք չի թողնի իր «եդինոռոս» գործընկեր, չեչեն միլիարդատեր Ադամ Դելիմխանովի հետ ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի երեկոյան Պետդումայում: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է  Ժուրավլյովի մամուլի քարտուղար Սոֆյա Չերեպանովան՝ չհստակեցնելով, թե ինչպիսին կլինի «հետագա գործողությունների ալգորիթմը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ժուրավլյովը լուրջ վնասվածքներ ունի, կոտրվել է երկու ատամ, վնասվել են դեմքի փափուկ հյուսվածքները, ճնշումը բարձր է: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Slon.ru-ն հայտնում է, որ կռիվը տեղի է ունեցել Պետդումայի նոր մասնաշենքի 15-րդ հարկի միջանցքում՝ վերելակների մոտ:

«Ռոդինա» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլյովը «Կոմերսանտին» պատմել է, որ Դելիմխանովի օգնականները զանգահարել եւ ասել են, որ «Նարիշկինի հրահանգով  Ադամ Սուլթանովիչը ինձ ցանկանում է տեսնել»:

Արկադի Մամոնտովի հաղորդման նկարահանմանը մասնակցող պատգամավորը եկել է Պետդումա, որտեղ էլ հանդիպել է Դելիմխանովին, որը նրան սպասում էր 15-րդ հարկում, որտեղ գտնվում է Ժուրավլյովի աշխատասենյակը:

Խորհրդարանականի խոսքով՝ իր գործընկերոջը բարկացրել է այն, որ  ինքը խնդրել է ստուգել՝ արդյոք ծայրահեղականություն չէ չեչեն կանանց՝ «Դադի-Յուրդ» գյուղի ողբերգության զոհերի» հիշատակին հուշարձանի բացումը, ինչպես նաեւ  Twitter-ում արված գրառումը, որտեղ նա հետաքրքրվում էր «Ալֆայի» նախկին աշխատակիցների կողմից Չեչնիայի սպեցնազի պատրաստման օրինականության հարցով:

Ժուրավլյովի խոսքով՝ Դելիմխանովը բռունցքով հարվածել է իր գլխին, հետո վրա են հասել նրա օգնականներն ու թիկնապահները:

«Ադամ Սուլթանովիչի մոտից ոսկյա ատրճանակ ընկավ՝ չգիտեմ որտեղից, եւ մենք որոշեցինք դադարեցնել վեճը», - պատմել է նա: