Պուտինի համար  Հայաստան չկա, կա Անդրկովկաս: Այս մասին  այսօր դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը Վրաստանում  եւ Ադրբեջանում զորք չունի: «Իսկ Պուտինը ինչ հայտարարեց՝ շատերը կարծում էին, որ մենք պետք է հեռանանք Անդրկովկասից , բայց մենք Անդրկովկասից, ոչ միայն չենք հեռանալու, այլեւ ավելացնելու ենք մեր ներկայությունը: Պա՞րզ չէ, որ խոսքը միայն Հայաստանի մասին է»,- նշեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ Ռուսաստանի բոլոր շովինիստների խնդիրն է եղել վերացնել Հայաստանը եւ թողնել առանց հայերի: Պարույր Հայրիկյանը դժգոհեց, որ հիմա էլ Պուտինը գալիս, պաշտոնապես ասում է, որ դուք հայ չեք , այլ անդրկովկասցի եք:

«Երկաթուղին էլ պատահական չէ կոչվում Հարավկովկասյան երկաթուղի: Ճորտերի ու հարճերի համար դա էական չէ, բայց Հայաստանում կա մի նոր սերունդ, որը, ճիշտ է, մեծ թափով չարձագանքեց, բայց առաջին օրվանից արձագանքեցին: Մանվանդ երիտասարդները, ում համար Հայաստանը եղել ու մնալու է Հայաստան, թե չէ վաղը կոչելու են Ռուսաստանի Հարավկովկասյան պրովինցիա, եթե այս տխմարները իրենց բթամտությունից չսթափվեն եւ չնախընտրեն ապրել որպես ազատ մարդ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am