Ավտոտրանսպորտային տեխնիկումի ուսանողը ութամյա աղջնակին փրկել է մանկապիղծից: Վերջինիս հետ քաշքշոցի արդյունքում տղան ոտքի կոտրվածք է ստացել, սակայն կարողացել է հանցագործին տեղում պահել՝ մինչեւ ոստիկանների ժամանումը:
Չելյաբինսկի ավտոտրանսպորտային տեխնիկումի ուսանող Միխայիլ Անֆալովը երեխայի նկատմամբ բռնության գործադրման ականատես է դարձել եւ որոշել է նրան փրկել մանկապիղծի ձեռքից: Շուրջն ուրիշ ոչ ոք չի եղել, եւ վեհանձն պատանին միայնակ է գործել: Նրան հաջողվել է նոկաուտի ենթարկել հանցագործին եւ շտապօգնություն ու ոստիկանություն կանչել:
Ոստիկանները զարմացել են, որ երկու մետրանոց հասակով աժդահա տղամարդուն կարողացել է միայնակ վնասազերծել 20-ամյա պատանին:
Ութամյա աշակերտուհին երկու շաբաթից ավելի կոմայի մեջ է եղել: Նա ծանր վնասվածքներ ունի, այս պահին երեխայի վիճակը կայունացել է, փոխանցում է vesti.ru-ն:
Միխայիլը նահանգապետից պատվոգրեր եւ նվերներ է ստացել: Քաջ տղան նաեւ աղջկա բուժման համար դրամահավաք է կազմակերպել՝ հաշվեհամար բացելով եւ ցանցում հայտարարություն տեղադրելով: Հաջողվել է հավաքել 350 հազար ռուբլի, որը Միխայիլը փոխանցել է տուժածի ծնողներին:





























