Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային  պայմանների  բարելավման  խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:

Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող եւ ստեղծագործող արվեստագետներին:

«Հանրապետության ղեկավարի եւ քաղաքային իշխանության կողմից ձեւավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես  ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները  փոխանցում եք   սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը  արվեստի  վաստակավոր  գործչին  լիարժեք  ստեղծագործական  գործունեություն ծավալելու հնարավորություն կտա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար եւ նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց եւ  անչափ կարեւոր խնդիր է եղել: Արվեստագետը նաեւ հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։