Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն թվարկել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները: Ըստ նրա` Ռուսաստանը պետք է հրաժարվի երկու հանրապետությունների` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից:
«Վրաստանի համար ցանկալի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելը, քանի որ դա երկու բան է ենթադրում. առաջին` երկրի դեօկուպացիան, եւ երկրորդ` ճանաչումից հրաժարվելը: Համապատասխանաբար, եթե այդ պայմանները կատարվեն, մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները», – հայտարարել է Փանջիկիձեն, հաղորդում է «Գռուզիա-Online»-ը:
Ըստ Վրաստանի արտգործնախարարի`Մոսկվան չպետք է միջամտի ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերություններին: «Միայն ՆԱՏՕ-ն եւ իր գործընկերները կարող են որոշել, թե ինչպիսին պետք է լինեն իրենց հարաբերությունները, եւ երրորդ կողմը չի կարող ազդել այդ որոշման վրա: Այնպես որ դա բավականին հստակ պատասխան է Ռուսաստանի դիրքորոշմանը», - հավելել է Փանջիկիձեն:
Մայա Փանջիկիձեի խոսքերը պատասխանն էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որում վերջինս Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունն անվանել էր «Հարավային Կովկասի նոր իրողություններ», որոնք «պետք է ճանաչի ՆԱՏՕ-ն»:





























