«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը դեռ Վերաքննիչ դատարանից ծանուցում չի ստացել, թեեւ դիմումը հանձնելուց հետո անցել է 10 օր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը նիստի օր է նշանակում առաջին ատյանից գործի նյութերը ստանալուց հետո՝  եռօրյա ժամկետում:

Փաստաբանը հավանաբար վաղը կայցելի «Նուբարաշենում» գտնվող Շանթ Հարությունյանին: Նրա դատահոգեբուժական փորձաքննությունը սկսվել է նոյեմբերի 20-ին եւ տեւելու է 24 օր: Հավանաբար դրանից հետո նրան կվերադարձնեն «Երեւան Կենտրոն» ՔԿՀ, քանի որ Շանթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկամսյա կալանքը:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։

Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։