Ինտերնետում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ երեւում են 2007 թ. Իրաքում ամերիկացի զինվորականների՝ լրագրողներն սպանելու կադրերը։ Սկանդալային տեսագրությունը տեղադրվել է ամերիկյան WikiLeaks կայքէջում։

Տեսահոլովակում երեւում է, որ ուղղաթիռի օդաչուները հետապնդում են ութ մարդուց բաղկացած լրագրողների խմբին՝ նրանց ընդունելով որպես զինյալների։ Կադրից դուրս հնչում են օդաչուների ձայները, ովքեր ասում են, որ փախչող մարդիկ զինված են։

Ինչպես նշում է The Guardian-ը, կադրում երեւում են Reuters գործակալության լուսանկարիչը եւ վարորդը, ով հեռախոսով է խոսում։

«Ես սպանեցի նրանց»,- ցինիկաբար բացականչում է օդաչուներից մեկը։ «Օ, այո, նայեք մեռած սրիկաներին»,- պատասխանում է մյուս ամերիկացի օդաչուն։ Դրանից հետո ուղղաթիռը կրակ է բացում վիրավորներին օգնության հասած միկրոավտոբուսի վրա։ Ավելի ուշ պարզվել էր, որ միկրոավտոբուսում երկու երեխաներ են եղել, ովքեր ծանր վնասվածքներ էին ստացել։

Կրակոցների արդյունքում զոհվել էր 12 մարդ։