Պետական եկամուտների կոմիտեի քննչական եւ օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողի, ում կողմից կատարված գործարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` ընդհանուր առմամբ շուրջ 150մլն դրամի:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացրած միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանը, ով հանդիսանում էր միաժամանակ երեք ընկերությունների իրական ղեկավարը: Միայն թե այդ փաստը քողարկելու նպատակով նա իր ծանոթներին է դրդել զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: «ՎԳԳԱ», «Տիպգոր» եւ «Գոհար Ասուպ» ընկերությունները գործել են Գոռ Վերդյանի, Ջուլիետա Կարապետյանի եւ Ներսես Զախարյանի անուններով, գրանցվել պետական ռեգիստրում եւ հաշվառվել տարածքային հարկային տեսչություններում: Սակայն, վերջիններիս դրամական պարգեւ խոստանալուց հետո, Ալբերտ Գալստյանը, ով իրականում ղեկավարել է այդ կազմակերպությունները, վերցնելով կնիքները, անձամբ է զբաղվել ապրանքների ձեռքբերմամբ եւ իրացմամբ, բայց իրականացրած գործունեության վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հաշվետվություններ, կամ առհասարակ չի ներկայացրել: Այդ կերպ Գալստյանը չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափի`շուրջ 130մլն դրամի հարկեր եւ սոցիալական ապահովագրության վճարներ:
Նշված դեպքերի վերաբերյալ ՊԵԿ հետաքննության եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություններում հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Գալստյանը կալանավորվել է:



























