Այսօր Հայաստանում գրանցված է շուրջ 3700 դեղ, իսկ Հայաստանում դեղերի տարեկան շրջանառությունը 50-70 մլն դրամ է: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայտնել Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը, հավելելով, որ դեղերը հիմնականում ներկրվում են, իսկ տեղում արտադրվում են շրջանառվող դեղերի ընդամենը 5-7 տոկոսը:

«Այսօր Հայաստանի շուկայում գերակշռում են այն դեղերը, որոնք պետք են մեր ժողովրդին, որովհետև վերահսկվում ան համապատասխան կառույցի և մաքսայինի համատեղ աշխատանքի շնորհիվ: Իհարկե, կան նաև զարտուղի ճանապարհներով շուկա թափանցած դեղեր: Սակայն հսկողությունն իրականցվում է ամենայն խստությամբ»,- ասել է նա ու հավելել. «Կան լրիվ կեղծված դեղեր, երբ գրված է ասպիրին, բայց մեջը ասպիրին չկա, և երբ մարդ հիվանդ է, ու կավիճ ես տալիս` խմելու, դրանով արդեն վնաս ես հասցնում: Կամ մեկ այլ անվան տակ ուրիշ դեղ են անցկացնում, որը նարկոբիզնեսի ճանապարհն է»:

Է. Գաբրիելյանի ներկայացմամբ, Հայաստանում դեղերի կեղծման ցուցանիշը, 10-12 տոկոս է. «Կեղծվում են այն դեղերը, որոնք լայն սպառման շուկա ունեն: Թույլ զարգացած երկրներում կեղծվում են հակաբիոտիկները, լավ զարգացած երկրներում` հորմոնալ պրեպարատները»: Նրա խոսքով, իրենց կենտրոնը իրավասություն չունի շուկայում առկա դեղերը ստուգելու առումով, սակայն երբ ներկրողը բերում է դեղը եւ այն ներկայացնում Առողջապահության նախարարությանը` թույլտվություն ստանալու համար, դիմումն անմիջապես ներկայացվում է Դեղերի փորձագիտական կենտրոն, և իրենց մասնագետները ընտրանքային կարգով վերցնում են դեղերը և կատարում մի շարք հետազոտություններ: Դա տևում է 2-3 ամիս, երբեմն` մեկ տարի, որից հետո դրանք լաբորատոր հետազոտության են ուղարկվում: Գաբրիելյանը նշել է նաեւ, որ ամբողջ աշխարհում դեղերի կեղծումը 6-60 տոկոս է:

Ի դեպ, այժմ ԱԺ օրակարգում է դեղերի մասին նոր օրենքը, որն ընդունվելուց հետո, Դեղերի փորձագիտական կենտրոնը բազմաթիվ լիազորություններ է ստանալու: