Արտաքին քաղաքականության մեջ ծանրագույն խնդիրը արտաքին քաղաքականության բացակայությունն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, «Նախախորհրդարանի» հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Մեր դիվանագետները, որոնք պետք է Հայաստանի քաղաքականությունը այս կամ այն երկրում իրացնեն, փաստացի անգործ են այս իմաստով: Նրանք որևէ ծրագիր չեն իրականացնում, զբաղված են Հայաստանի մի քանի օլիգարխների առևտրատնտեսական հետաքրքրություններով»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայաստանյան այցին՝ Խառատյանը հիշեցրեց, որ դրանից առաջ «Առավոտ» օրաթերթում հրապարակվել էր  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզը, որը, լրատվամիջոցի տեղեկություններով, Հայաստանը մշակել է եւ փակ խողովակներով այցից 10 օր առաջ փոխանցել Ահմեդ Դավութօղլուին։ «Ոչ մեկս չգիտենք, թե աղբյուրն ինչքանով է վստահելի, ճիշտ է՝ արտգործնախարարության կողմից մի կեսբերան հայտարարություն եղավ, որ Հայաստանը որևէ ձևով որևէ փաստաթուղթ չի ուղարկել Թուրքիա, բայց ո՞վ է հավատում»,- ասաց Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով` երկրի իշխանությունների բարձրագույն անձանց ստերի շարքը այնքան շատ է, որ ինքը կասկածում է՝ արդյո՞ք սեպտեմբերի 3-ին նախագահը սուտ չի ասել. «Սուտ չի ասել և ու՞մ. Ռուսաստանին սուտ չի ասել, որ ինքը մտադիր է երկիրը տանել Մաքսային միությո՞ւն, որովհետև նույն կերպ հարց է առաջանում՝ արդյո՞ք սուտ չէին Եվրոպայի խորհրդի հետ այսքան երկար քննարկումները»,- ասաց Հրանուշ Խառատյանը՝ նշելով, որ հնարավոր չէ կռահել՝ իշխանությունները սո՞ւտ են ասում, թե ճիշտ: Նրա կարծիքով` ոչ մեկ չի կարող ասել, թե իշխանությունները ինչ են ուզում արտաքին աշխարհից, հասարակությունից և իրենք իրենցից:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ «Նախախորհրդարանի» դիրքորոշումն արտաքին քաղաքականության մեջ հստակ է` բոլոր նպաստավոր դաշինքների հետ փորձել համագործակցել, միևնույն ժամանակ, որևէ հստակ կառույցի մեջ չմիավորվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am