Թուրք հայտնի հաղորդավարուհի Օյա Գերմենը դատարանում ներողություն է խնդրել սկանդալային ստամբուլահայ նկարչուհի Քարոլին Ֆիշեքչիին շիզոֆրենիկ անվանելու համար։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքացիական գործերով 4-րդ դատարանում թուրք հայտնի հաղորդավարուհի Օյա Գերմենը հայտարարել է, թե ափսոսում է, որ Քարոլին Ֆիշեքչիի հասցեին նման բան է ասել եւ ներողություն է խնդրել։ Դատավորի հարցին ի պատասխան, Օյա Գերմենն ասել է, թե պատրաստ է փոխհամաձայնության գալ Ֆիշեքչիի հետ, սակայն Ֆիշեքչիի փաստաբանը նշել է, թե իր պաշտպանյալը չի ցանկանում փոխհամաձայնության գալ։

Նշենք, որ 2012-ին, երբ Քարոլին Ֆիշեքչին ընկերություն է արել թուրք հայտնի գրող Օրհան Փամուքի հետ, հաղորդավարուհի Օյա Գերմենը մի հեռուստահաղորդման ժամանակ ասել էր, թե Քարոլին Ֆիշեքչիի քայլերը վկայում են, որ նա շիզոֆրեն է, ինչից հետո Քարոլին Ֆիշեքչին նրա դեմ հայց էր ներկայացրել՝ անձնական վիրավորանք հասցնելու համար։

Հիշեցենք, որ սկանդալային ստամբուլահայ  նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։

Քարոլին Ֆիշեքչին բազմիցս հայտարարել է, թե ինքն ազգությամբ հայ է եւ մկրտված քրիստոնյա։