Հայաստանի ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 13-ին անցկացվել է նախագահի կարգադրությամբ ձեւավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչեւ 2015թ. վերջ եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջեւ ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը եւ այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձեւավորումը:
Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաեւ ընդգծեց ռազմավարական վերանայման առանձին փուլերին Հայաստանի Հանրապետության գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաեւ դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տվեց հստակ ցուցումներ ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:


































