Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ռիչուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական կապերի հետեւողական զարգացման գործում նա իր որոշակի ներդրումը կունենա: Գոհունակությամբ արձանագրելով նախորդ դեսպանի՝ Բրունո Սկապինիի դիվանագիտական առաքելության ժամանակաշրջանում որակական նոր մակարդակի բարձրացված հայ-իտալական հարաբերություններն ու ընդլայնված երկկողմ փոխգործակցության օրակարգը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքի եւ երկու պետությունների ու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների ամուր հիմքի վրա, նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում, երկկողմ կապերն ավելի կսերտանան:
Երկուստեք կարեւորվել է տնտեսական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրների շարքում Իտալիան հանդիսանում է Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իտալիայի հետ Հայաստանի մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրակարգի կարեւոր բաղադրիչներից է՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային հարուստ անցյալը, կրթական եւ գիտական մեծ ներուժը:
Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիայի՝ 2014թ. ԵՄ նախագահության շրջանում Արեւելյան գործընկերությունը կմնա առաջնահերթությունների շարքում:
Դեսպան Ջովաննի Ռիչուլին վստահեցրել է, որ այդ ընթացքում եւս իր երկիրը կաջակցի Հայաստանին՝ եվրոպական օրակարգի շրջանակներում բարեփոխումների իրականացման ճանապարհին:































