Վրաստանում իրավապահները կալանավորել են պաշտպանության նախարարության գնումների բաժնի նախկին պետ, գործարար Դավիթ Քեզերաշվիլիի ընկեր եւ գործընկեր Ալեքսանդր Նինուային:
Նա կալանավորվել է ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այս րոպեներին Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է նրա նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Քեզերաշվիլին, լինելով նախարար, Նինուային նշանակել էր նախարարության գնումների բաժնի պետ, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Վերջին տարիներին Նինուան կառավարում էր Վրաստանում Քեզերաշվիլիի բիզնեսը:
Նշենք, որ Վրաստանի պաշտպանության 35-ամյա նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլին , որը հետախուզման մեջ է գտնվում ներկայիս իշխանությունների կողմից, 2013թ. հոկտեմբերին ձերբակալվել էր Ֆրանսիայում: Վրաստանի եւ Իսրայելի քաղաքացի Քեզերաշվիլին մեղադրվում է միլիոնների կաշառքներ վերցնելու եւ զենքի անօրինական շրջանառության մեջ:
Ըստ տարածված տեղեկության` Ալեքսանդր Նինուան նույնպես Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոքերիայի հարազատն է:





























