ԵԱՀԿ առաքելության անդամները Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ շփման գիծ այցելել են 17 անգամ: Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
«Տեղի հրամանատարները, ինչպես նաեւ քաղաքացիական իշխանությունները մի շարք լուրջ հարցեր են բարձրացրել այդ այցերի ժամանակ: Խնդիրները վերաբերում են հրադադարի ռեժիմը խախտելու եւ ռումբերի հետ կապված միջադեպերի պատճառով քաղաքացիական անձանց եւ զինծառայողների կյանքին սպառնացող վտանգին, եւ շփման գծի հարեւանությամբ ապրողների վրա հոգնեցուցիչ հոգեբանական եւ տնտեսական ազդեցությանը», - ասել է նա:
Ըստ դեսպանի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հասկացրել էին, որ մտադիր են հաճախակիացնել հանդիպումները եւ աշխուժացնել խաղաղության գործընթացը, որն իսկապես 2014թ. համար լավատեսության հիմքեր է տալիս: Վերջին մի քանի շաբաթներին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները լավատեսական գնահատականներ են հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:
Անջեյ Կասպշիկը նշել է, որ 2013թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թիվն ավելի փոքր է, քան 2012 թվականին։ Այնուամենայնիվ, հրադադարի մասին համաձայնագիրը շարունակում է մնալ ինքնակարգավորվող, վտանգներն ավելի լուրջ են, քան երբեւէ։ Եվ նրանք, ովքեր շփման գծին մոտ են ապրում, կշարունակեն դժվարություններ կրել այնքան ժամանակ, քանի դեռ հրադադարի ռեժիմը չի ամրապնդվել, ասել է Կասպշիկը։ Բացի այդ, Կասպշիկի խոսքով, իր թիմն օգնում է հնարավոր ռազմական միջադեպերը հետաքննելու մեխանիզմ մշակել։





























