Ուկրաինայի գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Եվրամայդանը ցրելու գործով Կիեւի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովին կալանքի ենթարկելու մասին։ Դատախազությունը խնդրում է քաղաքապետին տնային կալանքի տակ առնել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Բացի Պոպովից`նման հայտարարություն է արվել նաեւ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչի դեմ:
Դատախազությունը երկուսին էլ կասկածում է լիազորությունները գերազանցելու մեջ:
Ըստ Պշոնկայի` Պոպովը եւ Սիվկովիչը նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ցույցը ցրելիս գտնվել են Կիեւի ոստիկանության բաժանմունքի պետ Վալերի Կորյակի աշխատասենյակում: Հենց նրանք են ստիպել Կորյակին «ուժ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ Եվրամայդանը ցրելուն մեղսակից է երեք մարդ:





























