Հայաստանի կառավարությունը տաքսու ոլորտը թեթեւացնելու վերաբերյալ օրինագծերի փաթեթ է մշակել:  Օրինագծերն արդեն Հայաստանի խորհրդարանում քննարկման են ներկայացվել, դրանք զգալիորեն  հեշտացնում են տաքսու վարորդ աշխատելու հնարավորությունը: 

Եթե նախկինում այդ բիզնեսով կարող էին զբաղվել միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները, ապա այժմ անհատ տաքսու վարորդը չպետք է պետգրանցում անցնի. ֆիզիկական անձի կարգավիճակը բավարար կլինի:  Իսկ լիցենզիայի համար կարելի է դիմել ոչ միայն Երեւանում, այլեւ մարզկենտրոններում: Դրանից հետո սահմանված ժամկետում վարորդը ստանում է ինքնասոսնձվող  կտրոն` մեքենայի հետնապակու համար, որը փոխարինում է նախկին համարներին: 

Մյուս պարզեցումներից է ամեն օր աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր բուժզննում անցնելու պահանջի վերացումը: Ըստ տրանսպորտի նախարարության` բուժզննումը միայն փաստաթղթերի վաճառքի է հանգեցնում:

Մյուս կողմից էլ, լիցենզիայի տուրքի չափն անհատ վարորդի համար առաջարկվում է տարեկան 25 հազար դրամից ավելացնել մինչեւ 100 հազար դրամ: Նույն հարկը կգործի նաեւ 4 մեքենատերերի համար, այնուհետեւ կավելանա մինչեւ 200 հազար դրամ: (Նախկինում մեկ տաքսու սեփականատիրոջ համար լիցենզիայի  պետական տուրքը 25 հազար դրամ էր եւ 200 հազար դրամ՝ մեկից ավելի տաքսիների համար): Երկրորդ տուրքը վերաբերվում է Երեւանում եւ մարզերում տարբերակմանը: Երեւանում ֆիզիկական անձանց համար տուրքը կկազմի ամսական 12 հազար դրամ: Քաղաքների, գյուղերի եւ սահմանամերձ գյուղերի դեպքում դրույքը նվազում է ամսական մինչեւ 4 հազար դրամ:

Սպառողների իրավունքները պաշտպանելու տեսանկյունից առաջարկվում է տաքսիներում գնացուցակ ներմուծել` մեքենայի ներսում եւ հետնամասում: Ագելվում է ծխել մեքենայի ներսում, իսկ ապակիներն իջեցնել եւ երաժշտություն միացնել միայն ուղեւորի եւ վարորդի փոխադարձ համաձայնության դեպքում: 

Օրինագծերի փաթեթն ընդունվելու դեպքում սպասվում է, որ մասնավոր հատվածը կստանա 1,65 միլիարդ դրամ` եկամուտների եւ հարկերի ու տուրքերի խնայողությունների տեսքով: