Ռուսաստանում դատարանը երկու երիտասարդների մեղավոր է ճանաչել սպանության եւ կանիբալիզմի մեջ: Նրանք դատապարտվել են 15 եւ 16 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Պաշտոնական տվյալներով՝ սա պատմության մեջ առաջին նմանատիպ դատավճիռն է Յակուտիայում:
ՌԴ քրեական օրենսգրքում չկա «Կանիբալիզմի» հոդված, ուստի ամբաստանյալներն անցնում էին «սպանություն» հոդվածով իսկ կանիբալիզմի փաստերը դիտարկվել են որպես արարքը խստացնող հանգամանքներ: Այս մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետական քննչական վարչության ղեկավար Օլեգ Մեզրինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ հանցագործությունը կատարվել է 2012-ի օգոստոսին: Այդ ժամանակ Յակուտիայում Աբդուլաեւը, Գորուլենկոն, Կուրոչկինն ու Կոմարովը մեկնում էին ձկնորսության: Նրանք սեպտեմբերի վերջին կորցրել են կապը ձկնորսների խմբի հետ, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքները:
Նոյեմբերի 29-ին հաջողվել է գտնել Աբդուլաեւին եւ Գորուլենկոյին, իսկ մի քանի օր անց հայտնաբերվել են կացնով կտրատված մարդկային ոսկորներ:
Փորձաքննությունը պարզել է, որ Կուրոչկինին սպանել են, իսկ ավելի ուշ Աբդուլաեւը խոստովանել է, որ ինքն ու Գորուլենկոն մեկ շաբաթ շարունակ սնվել են Կուրոչկինի մսով: 4-րդ ձկնորսը մինչեւ հիմա համարվում է անհետ կորած:




























