Հայաստանը Ռուսաստանից կստանա առանց տուրքերի գազի ու նավթամթերքի քվոտաներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ԱԺ-ում լսումների ժամանակ՝ ներկայացնելով Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագիրը: Նրա խոսքով՝ տուրքերից կազատվեն ոչ միայն բնական գազն ու նավթամթերքը, այլեւ՝ անմշակ ալմաստները:

Ամեն տարի Հայաստանը պետք է ներկայացնի ինդիկատիվ բալանսները գազի ու նավթամթերքի տարեկան օգտագործման մասին: «Դրանց հիման վրա Ռուսաստանը կկազմի քվոտա, որի շրջանակներում մեզ է մատակարարելու ադ ապրանքները՝ առանց տուրքերի»,-հայտարարել է Մովսիսյանը: Երկու դեպքերում էլ Հայաստանի համար նախատեսված են պատժամիջոցներ, եթե տուրքերից ազատված ապրանքները վերավաճառվեն երրորդ երկրներին:

2013-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 73,5  մլն նավթամթերք: Ռուսաստանի բաժին է ընկել ներմուծված գազի  86 տոկոսը եւ ալմաստների 7 տոկոսը: