Հայաստանի բուհերն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ: Այս մասին նշված է ՀՀ կրթական համակարգին վերաբերող Համաշխարհային բանկի վերլուծական գնահատականում:

Համաշխարհային բանկը, վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների  վերաբերյալ եւ  հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների  վերաբերյալ:

Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են  բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:

Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ  կրթական բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաեւ բանկը: Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ  նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել են 275  նախակրթարաններ: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել եւ նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական  ուսումնական հաստատություններ չեն ունեցել: Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ  ավելացել է  երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների եւ մանկավարժների համար: ՀԲ-ն ներկայացրել է նաեւ ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է:

Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հասատատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, եւ մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների եւ հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին: Նշվում է նաեւ, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել  Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում: 

ՀԲ-ն ներկայացրել է նաեւ միջազգային եւ տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ՝ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ: