Ուկրաինական ընդդիմադիր «ՀԱՐՎԱԾ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ռինգ է հրավիրել։
Վիտալի Կլիչկոն, Մայդանում ելույթ ունենալով, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իր անձնական հակառակորդն է անվանել եւ ռինգ է հրավիրել, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Երկրի համար ելքը միայն արտահերթ ընտրություններն են։ Յանուկովիչը կլոր սեղանի շուրջ հայտարարեց, թե չի վախենում արտահերթ ընտրություններից։ Ես Յանուկովիչին, նա իմ անձնական հակառակորդն է, ռինգ եմ հրավիրում», — Կիեւում կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է Կլիչկոն։
Ըստ Կլիչկոյի` ինքը տեղեկություն ունի Ուկրաինայի ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական եւ գազատրանսպորտային կառույցները գրավ դնելու վերաբերյալ` 15 միլիարդ դոլարի ռուսական վարկ ստանալու համար:
«Իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Յանուկովիչը 15 միլիարդ դոլարի վարկային համաձայնագրեր է ստորագրել`Ուկրաինայի ռազմավարական կառույցները, մեքենաշինական ձեռնարկությունները, օդանավաշինությունը, էներգետիկ ձեռնարկությունները, չի բացառվում նաեւ գազատրանսպորտային համակարգերը գրավ դնելով», - պատմել է Կլիչկոն եւ իշխանություններից պահանջել հրապարակել Մոսկվայում ստորագրված փաստաթղթերի պայմանները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին, ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփելուց եւ երկու նախագահների հանդիպումից հետո, կողմերը մի շարք երկկողմանի համաձայնագրեր են ստորագրել:
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինային 15 միլիարդ դոլար տրամադրելու, ինչպես նաեւ ուկրաինական պետական ընկերության համար ռուսական գազի սակագինը հազար քմ-ի դիմաց մինչեւ 268,5 դոլար իջեցնելու մասին:
Ռուսաստանն Ուկրաինային 15 միլիարդ դոլար կտրամադրի
Ռուսաստանը Ուկրաինայի համար մեկ երրորդով կրճատել է գազի գինը




























