Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սլովենիայի իր գործընկեր Սամուել Զբոգարի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ղըրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների մասին:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Ղըրղըզստանում տեղի ունեցող իրադարձություններին մոտիկից է հետեւում: «Այն մեր համար կարեւոր եւ եղբայրական երկիր է: Ղըրղըզստանում կրկին խաղաղության եւ կայունության հաստատելու համար Թուրքիան պատրաստ է ձեռքից եկածը անել: Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների եւ ընկերությունների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ ձեռք են առնվել: Խնդրի հետ կապված հեռախոսազրույց եմ ունեցել նաեւ Ադրբեջանի իմ գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Նրա հետ զրույցում ամենից շատ հետաքրքրվել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումներով»,-նշել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքների շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել է Հայաստան: «Այդ խնդրով իրականացվելիք համապատասխան աշխատանքները առաջիկա ժամանակների համար արդեն համակարգվել են»,-ամփոփել է Ահմեդ Դավութօղլուն:




























