Դեկտեմբերի 19-ի երեկոյան Լոնդոնի «Ապոլո» թատրոնում առաստաղի փլուզման հետեւանքով տուժել է առնվազն 76 մարդ:
Փլուզումը տեղի է ունեցել  ներկայացման ժամանակ: Դահլիճում եղել է 720 հանդիսատես, առաստաղը փլուզվել է պիեսը սկսվելուց 45 րոպե անց:

Ականատեսները պատմում են, որ բարձր ձայն են լսել, իսկ հետո առաստաղի կեսը փլուզվել է: Լոնդոնի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ թատրոն են ժամանել հրշեջ-փրկարարական ութ հաշվարկ:

Բժիշկները օգնություն են ցուցաբերել 51 մարդու: Հաղորդվել է, որ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:  Փրկարարները հայտարարել են, որ որոնողական գործողությունն ավարտվել է, եւ ոստիկանությունը շրջափակել է շենքը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դահլիճում փլուզվել էր պատշգամբը, ըստ ճշտված տվյալների, մարդկանց վրա ընկել էր սվաղված առաստաղը: 
Կատարվածի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Ոստիկանությունում միանգամից մերժել են ահաբեկչական կամ հանցավոր գործունեության վարկածը, հայտնում է BBC-ն:

 «Ապոլո» թատրոնը գտնվում է Լոնդոնի կենտրոնի Ուեսթ-Էնդ թաղամասում: «Ապոլո» թատրոնը բացվել է 1901թ.: