««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» եւ գազի սակագնի թանկացման հետ կապված մյուս գործարքները նման են հանցագործության մասին հաղորդման, քանի որ գործընթացում տեղ են գտել տարատեսակ հանցագործություններ՝ փողերի լվացում, կոռուպցիա, մեքենայություններ: Այս մասին դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա՝ այդ համաձայնագրով սահմանափակվում են ոչ միայն Հայաստանի հաջորդ նախագահների եւ խորհրդարանականների լիազորությունները, այլեւ արգելվում է  տվյալ բնագավառում օրենսդրական գործունեությունը: «Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմը երաշխավորում է, որ մինչեւ 2043թ. դեկտեմբերի 31-ը չեն փոխվի օրենքները, որոշումները, հրամանները եւ այլ նորմատիվ ակտերը՝ «Գազպրոմին» տրամադրված երաշխիքները հարվածի տակ չդնելու համար:  Այդ համաձայնագիրը ստորագրելով՝ կառավարությունը որոշել է, որ հաջորդ վեց նախագահները եւ պատգամավորները չեն փոխելու օրենսդրությունը: Այդ համաձայնագիրը տիեզերական  մասշտաբների է հասնում: Նույնիսկ ռուսական ցարերն այդ աստիճան ինքնագոհ չէին», - ասել է պատգամավորը: