Տասնամյակների ընթացքում անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, թրծվել են տեսանելի եւ անտեսանելի ճակատներում, ձեւավորել են ավանդույթներ եւ կուտակել անգնահատելի փորձ: Այս մասին նշված է անվտանգության մարմինների ախատողի օրվա (դեկտեմբերի 20) առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Ուղերձում նաեւ ասվում է.
«Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անցնող տարին հոբելյանական էր ազգային անվտանգության մարմինների համար: 95 տարի առաջ՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հետո ձեւավորվեցին հետախուզության եւ հակահետախուզության մարմինները:
Մեծ է ձեր ավանդը մեր պետության եւ հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում:
Այսօր առկա են մասնագիտական առաջընթացի եւ ձեր աշխատանքը կատարելագործելու բոլոր նախադրյալները: Համոզված եմ, որ այսուհետ եւս դուք պատվով եւ մասնագիտական բազմակողմանի կարողություններով շարունակելու եք ձեզ վստահված առաքելությունը: Արդի աշխարհի եւ մեր տարածաշրջանի նոր իրողություններն ու մարտահրավերները պետք է ունենան համարժեք արձագանք:
Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,
Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, մտքի ու բազկի կորով եւ նոր ձեռքբերումներ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի եւ պետության»:





























