ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված գազի համաձայնագրերի վավերացման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները հնարավոր է՝ ԱԺ շենքի մոտ դեկտեմբերի 23-ին կայանալիք բողոքի ակցիային իրենց հետ տանեն գազի բալոններ՝ տաքանալու և տաք թեյ պատրաստելու համար:
«Առաջարկում եմ՝ մասնակիցներից մի քանիսը աշխատող գազի բալոն բերեն իրենց հետ: Համ թեմայի մեջ է՝ կարելի ա բալոնների վրա լոզունգներ գրել, համ հնարավորություն կլինի տաքանալ, թեյ տաքացնել, նույնիսկ ուտելու բան, եթե որևէ մեկը բերի: Եթե ոստիկաններին դուր չգա, կարելի ա ասել՝ դուք ձեր մեքենաների բալոնները հանեք, մենք էլ սրանք կտանենք»,- «Որոշողը մենք ենք» խմբում գրել է նախաձեռնության անդամներից Սեդա Գրիգորյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ին սաստիկ ցուրտ էր, բայց ակտիվիստները, այնուամենայնիվ, շարունակեցին բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ԱԺ-ն այդպես էլ քվեարկության չդրեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների վերաբերյալ աղմկահարույց համաձայնագիրը, որով ՀՀ կառավարությունը «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկար փորձել էր դահլիճ բերել հանրապետական պատգամավորներին, սակայն տեսնելով, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ ներկա չեն՝ ի վերջո որոշել էր քվեարկությունը տեղափոխել դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին։
«Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 20-ին երկու անգամ հավաքվել էին ԱԺ-ի մոտ՝ պատգամավորներին կոչ անելով չքվեարկել Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող պայմանագրի վավերացման օգտին: Դեկտեմբերի 23-ին ժամը 11։30-ից քաղաքացիական ակտիվիստները կրկին կհավաքվեն ԱԺ շենքի առջեւ։





























