Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում ձեւավորվում են ուժային նոր կենտրոններ, ուժերի նոր փոխդասավորություն է տեղի ունենում, որն ազդում է նաեւ սիրիական հարցի վրա: Այդ մասին դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Եթե սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը անցավ սահմանված որոշակի ժամկետներում, նույնը չի կարելի ասել «Ժնեւ-2»-ի գործընթացի վերաբերյալ, որն ուղղված է սիրիական հարցի կարգավորմանը»,- նշել է արաբագետը: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ Սիրիայի զինված ընդդիմության շարքերում կան տարաձայնություններ, բացակայում է մեկ ընդհանուր դիրքորոշումը:

Սարգիս Գրիգորյանն ընդգծել է, որ սա հարցականի տակ է դնում կայանալիք «Ժնեւ-2» կոնֆերանսի արդյունավետությունը: «Սիրիայի շուրջ լուրջ գլոբալ ու աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում: Այս տեսակետից տարաձայնություններ են նկատվում երկու վաղեմի դաշնակիցների միջեւ. Խոսքն առաջին հերթին  ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների՝ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի մասին է»,- նշել է Սարգիս Գրիգորյանը:

Նշենք, որ Սիրիայի վերաբերյալ կոնֆերանսը, որը պայմանականորեն անվանում են «Ժնեւ-2», պետք է տեղի ունենա 2014թ.-ի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում: