Ազգային Ժողովի ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունների ղեկավարներն այսօր՝ դեկտեմբերի 24-ին խորհրդակցություն են հրավիրել՝ քննարկելու գազային համաձայնագրերի ընդունումից հետո իրենց հետագա քայլերն ու մշակելու գործողությունների նոր ծրագիր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ես կարծում եմ, որ այսօր մենք ունեցանք շատ արդյունավետ խորհրդակցություն՝ կապված մեր հետագա քայլերը համաձայնեցնելու խնդրի հետ եւ մենք որոշեցինք, որ բնականաբար մեր ՍԴ դիմելու օրակարգը պահպանվում է, բայց կան քայլեր, որոնք մենք այսօր կարող ենք ԱԺ-ի մեր լիազորությունների շրջանակներում իրականացնել եւ նախապատրաստել այդ հետագա ընթացքը»,- նշել է Ռուստամյանը եւ հավելել. «Հենց այդ խնդիրների վերաբերյալ կարծում եմ նոր լուծումներ մենք գտանք եւ այդ նոր լուծումների համաձայնությունը այսօր կայացել է եւ կարծում եմ, որ մեր ներկայացուցիչները, որոնք որ գտնվում են այդ հանձնաժողովի կազմում չորս ներկայացուցիչ ունենք հաշվիչ հանձնաժողովում իրենք այսօր ժամը հինգին կհավաքվեն եւ ավելի հստակ իրենց լուծումը եւ իրենց առաջարկը կներկայացնեն հանրությանը, որը կարծում եմ ավելի հստակ կդարձնի մեր ասելիքը, եւ ստեղծված րավիճակի ողջ աբսուրդն ու անօրինականությունը վեր կհանի»:

Ռուստամյանը նշել է, որ ՍԴ կդիմեն այն ժամանակ, երբ որ որոշումը կամփոփվի տեղեկագրում, իսկ այդ գործընթացը պահանջում է ժամանակ:

Խոսելով երեկ կատարվածի մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, թե քվեարկությունը եւ որոշումը որը կայացվեց, անօրինական է, եւ հետեւաբար վավերացում տեղի չի ունեցել:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի այն պնդումներին, թե քվեարկությունը օրինական է եղել, ասաց. «Այսպիսի ավանդույթ է ձեւավորվել, երբ որ իշխանությունը նեղն է ընկնում, դիմում են իրենց մեջի եզակի ինտելեկտուալներից մեկին, որովհետեւ Դավիթ Հարությունյանը հայտնի է որպես հայտնի մանիպուլյատոր եւ փորձում է բառախաղերով, խառնելով իրար բոլոր հոդվածները փորձում է փրկել կատարված անօրինականության դեմքը: Չի հաջողվելու, ես շատ բարձր եմ գնահատում մանիպուլյացիա անելու Հարությունյանի բացառիկ ունակությունը, բայց կա հստակ օրենք, կա ՀՀ Սահմանադրություն, կա ՍԴ-ի մասին օրենք, կա ԱԺ-ի գործունեությունը կարգավորող օրենք, այն է` ԱԺ կանոնակարգ օրենքը, որը խախտվել է»: