Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշում կայացնելով` Հայաստանը հստակեցրեց իր քաղաքական կուրսը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 24-ին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Այո, Ռուսաստանի հետ գազային պայմանագրում կան վիճելի կետեր, սակայն չի կարելի ասել, որ Հայաստանի ԱԺ-ում մի կողմում նստած են հայրենասեր հերոսներ, մյուսում` դավաճաններ: Կարծում եմ, որ դավաճան քայլ է այն, որ երբ մեր նախագահը մեկնում է Մոսկվա բանակցելու, մենք նման բողոքի ակցիա ենք անցկացնում»,-ընդգծել է Աճեմյանը: Պատգամավորի համոզմամբ, հարկավոր է ավելի գլոբալ նայել խնդիրներին, հասկանալ, թե ուր եւ ում հետ ենք գնում: «Անվտանգության ապահովումը միայն բառեր չեն: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի արժանապատվությամբ անցնենք բարդ ուղին ու ավելի շատ ձեռք բերենք, քան կորցնենք»,-ընդգծել է Կարինե Աճեմյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ընթացքում մի շարք պայմանագրեր են կնքվել:





























