ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն  է տվել միջցեղային  խռովություններով համակված Հարավային Սուդան նոր խաղաղապահներ ուղարկելուն: Երկրում առաքելության զորքերի թիվը մինչեւ 12500 մարդու ավելացնելու օրինագիծը դեկտեմբերի 24-ին ստացել է ԱԽ-ի 15 անդամ երկրների միաձայն աջակցությունը:

Հավելյալ ուժերը մտադրվում է վերցնել ՄԱԿ-ի այլ առաքելություններից, որոնք գտնվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կոտ Դ՛Իվուարում, Լիբերիայում, ինչպես նաեւ Դարֆուր եւ Աբիե մարզերում: Սպասվում է նաեւ, որ խաղաղապահներին կհանձնվի լրացուցիչ տեխնիկա, այդ թվում՝ վեց ուղղաթիռ, որոնցից երեքը՝ մարտական, եւ ռազմատրանսպորտային օդանավ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ 2011թ. Հարավային Սուդանում հաստատված ՄԱԿ-ի առաքելությունը ժամանակավոր միջոց է, եւ հավելյալ ուժերը մտադիր են երկրից դուրս բերել իրադրության բարելավումից հետո: