Եգիպտոսում կալանավորվել է երկրի նախկին վարչապետ Քանդիլը, որը պաշտոնավարում էր Մուհամեդ Մուրսիի օրոք։
Նախկին վարչապետին տեղափոխել են Կահիրեի Թորա բանտ, որտեղ պահվում են «Մահմեդական եղբայրների» ղեկավարության բազմաթիվ անդամներ:

Դատավճիռը կայացվել էր այս տարվա ապրիլին: Դատարանը վճռել էր  պաշտոնանկ անել կառավարության դեռ գործող ղեկավարին եւ նրան դատապարտել  մեկ տարվա ազատազրկման ու տուգանքի՝ դատարանի որոշումները չկատարելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Գործը, որում ներգրավված է վարչապետը, կապված է Տանտա քաղաքում տեքստիլ ֆաբրիկայի ապիրինի սեփականաշնորհման հետ: Մեկ տարի առաջ դատարանը կառավարությանը պարտավորեցրել էր չեղյալ հայտարարել Կահիրեից հյուսիս գտնվող  արտադրամասը սաուդյան գործարար Աբդալա ալ Կայակիին վաճառելու  գործարքը եւ այն փոխանցել պետական վերահսկողությանը: 

Սակայն վարչապետն այն ժամանակ հրաժարվել էր կատարել դատարանի որոշումը եւ չեղյալ հայտարարել սեփականաշնորհումը: Այն ժամանակ նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չէր կիրառվել: Մինչդեռ սեպտեմբերի 30-ին Կահիրեի  վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել նախկինում կայացված մեղադրական դատավճիռը, ի կատարումն որի նախկին վարչապետին կալանավորել են: