Արձակագիր Լեւոն Խեչոյանը «Արթմեդ» բժշկական կենտրոնում վերականգնողական բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Արձակագրին Հայաստան տեղափոխելուց հետո նա արդեն մի քանի անգամ այցելել է Լեւոն Խեչոյանին: «Վիճակը, տրամադրությունը նորմալ է, բուժումներ է ստանում, զրուցեցինք»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը նաեւ նշեց, որ Լեւոն Խեչոյանի դուրս գրվելու մասին առայժմ խոսակցություններ չկա, բուժումների ընթացքից եւ իր ցանկությունից է կախված՝ Ամանորը նա կդիմավորի տանը, թե հիվանդանոցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գերմանիայում բուժման մեջ գտնվող արձակագիր Լեւոն Խեչոյանի առողջական վիճակը վատացել էր: Բժիշկները խորհուրդ էին տվել անկողնային վիճակում Լեւոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Կառավարությունը նրա բուժման ծախսերի համար փոխանցել էր 8 մլն դրամ:

Նշենք, որ հայտնի արձակագրի մոտ առկա է քաղցկեղ, նա վիրահատվել էր, ընդունում էր քիմիոթերապիայի կուրսեր: