Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենցիա» ռեստորանում կայանալիք մարզիկների լավագույն տասնյակի պարգեւատրման արարողությանը, նախնական տեղեկություններով, կմասնակցի նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մեր ունեցած այս տեղեկության վերաբերյալ երեկվանից ոչ մի կերպ չի հաջողվում մեկնաբանություն ստանալ: ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ, սակայն ավելի ուշ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Չհաջողվեց նաեւ մեկնաբանություն ստանալ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից:

Մեր տեղեկություններով՝ ինչպես ՀԱՕԿ-ը ներկայանա եւ մասնակցի սպորտի նախարարության միջոցառմանը, այդ կերպ էլ նախարարությունը կմասնակցի Գագիկ Ծառուկյանի կազմակերպած տարեմուտի միջոցառմանը: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի մասնակցության դեպքում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն էլ վաղը ներկա կլինի «Փարավոնում» կայանալիք միջոցառմանը, թեեւ չի բացառվում, որ ՀԱՕԿ-ի պատվիրակությունը ներկայանա գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:

Ի դեպ, երկու միջոցառումներին ներկա չի գտնվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ վերջերս մահացել է նրա հայրը: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպորտի նախարարության միջոցառմանը հրավիրված է 550 հոգի, միջոցառումը կվարեն Խորեն Լեւոնյանը եւ Գոհար Գասպարյանը, իսկ մշակութային մասը ապահովելու է «Երգ երգոցը»: Լավագույն տասնյակի պարգեւատրման արարողությանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աժ փոխխոսնակներ, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ եւ մտավորականներ Ներկա են լինելու նաեւ նախարարության կողմից ֆինանսավորող 32 ֆեդերացիաների նախագահները, որոնց համար կան մրցանակներ: Իսկ լավագույն մարզիկներին կտրվեն պետական պարգեւներ, խրախուսական մրցանակներ, ինչպես նաեւ խոշոր դրամական պարգեւ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ իր ամանորյա տոնակատարությունը, որի շրջանակներում նաեւ լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությունը, կնշի Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից առանձին: