ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել` կապված Ադրբեջանում քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստ Անար Մամեդլիի ձերբակալության հետ:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հայտարարությունում ասվում է. «Մենք խորին անհանգստություն ենք արտահայտում` կապված ակտիվիստ Անար Մամեդլիի ձերբակալության հետ: Կոչ ենք անում ազատել նրան իրավական գործընթացի շարունակվելու ընթացքում: Մենք այս հարցրը բարձրացրել ու շարունակելու ենք բարձրացնել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների առաջ: Մենք նաեւ համակ ուշադրությամբ հետեւում ենք Ադրբեջանի խորհրդարանի ընդունած օրենսդրական սահմանափակումներին, որոնք ուղղված են ՀԿ-ների դեմ: Շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել միավորվել ու հանրահավաքների իրավունքն ու խոսքի ազատությունը»:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Մամեդլին կալանավորվել է 3 ամսով: Նա նաեւ հնարավորություն չի ունեցել կապի մեջ լինելու իր փաստաբանի հետ: Մամեդլիի պաշտպանությամբ զբաղվել է պետության կողմից նշանակված փաստաբանը:





























