2013 թվականն ակտիվ տարի էր, որի ընթացքում իշխանությունները կարողացան քաղաքական դաշտն ավելի հասկանալի դարձնել հասարակության համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով՝ հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից բարձրացված շատ հարցեր իրենց լուծումն ստացան. «Չեմ կարծում, որ արվածը բավարար է: ՀՀԿ-ում կատարվել են թե ներկուսակցական, թե հասարակական աշխատանքներ: Մենք օգտագործել ենք բոլոր հնարավորությունները՝ հասարակության հետ աշխատանքի առումով: Մեր աշխատանքի գնահատականը կտա ժողովուրդը: Երկրում ծանր իրավիճակ է, բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ: Մեր հասարակությունը դժբախտ է, բայց դա կապ չունի նրա բարեկեցության հետ: Երջանիկ են նրանք, որոնք ապրում են երջանիկ հասարակությունում»:
Դիտարկմանը, որ ժամանակին Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, նա պետք է հրաժարական տա, Սահակյանն արձագանքեց. «Ներկայումս այդ հարցը չի քննարկվում, սակայն կգա ժամանակը, երբ վեր կհանվեն պատճառները, թե ինչու 7 տոկոսանոց տնտեսական աճ չգնարցվեց»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























